Անհրաժեշտ է նոր թափ հաղորդել Հայաստանի եւ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջեւ համագործակցությանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին,  հայտարարել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար դր. Ջանան Աթիլգանի հետ հանդիպման ժամանակ:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության եւ սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը եւ ունի ավելի քան 70 գրասենյակներ ամբողջ աշխարհում: ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ Կովկաս-Եվրոպա միջազգային քաղաքական ակումբի ստեղծման հեռանկարը: Տիկին Աթիլգանը նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ համագործակցության հետագա խորացման գործում եւ մոտ ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ նախագծի մեկնարկի ուղղությամբ, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի աջակցությամբ: