ՀԱՊԿ-ն Օպերատիվ հակազդման հավաքական ուժերը (ՕՀԿՈՒ) չի օգտագործելու անդամ-երկրների սահմանադրական կարգը պաշտպանելու համար, սեպտեմբերի 9-ին հաղորդել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱՊԿ-ն ժանդարմի գործառույթներ չի ստանձնելու»,-հայտարարել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քարտուղարը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը «այս կամ այն երկրում չի ճնշելու ընդդիմադիր ուժերին»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է  ՕՀԿՈՒ-ի ուժերը օգտագործել ՀԱՊԿ անդամ երկրներում` պետական հեղաշրջման վտանգի դեպքում` Բորդյուժան հայտարարել է, որ եթե նման խնդրի առաջացման դեպքում անդամ-երկրներից որեւէ մեկը դիմի ՀԱՊԿ-ին, խորհուրդը կարող է «այդ պետություն ուղարկել խաղաղապահ ուժեր, բայց ոչ ՕՀԿՈՒ-ին»:

«ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի խնդիրը կլինի հակամարտող կողմերին բաժանելը»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ օգոստոսի 30-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համապատասխանեցնում են դիրքորոշումները Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀԿՈՒ) կիրառմամբ պետական հեղաշրջումների կանխման ուղղությամբ:

«Խոսքը գնում է ոչ միայն դրսից այլ պետությունների միջամտության դեպքում ՕՀԿՈՒ-ի կիրառման մասին: Ոչ ոք մեր դեմ պատերազմ չի սկսի, իսկ շատերի «ձեռքերը քոր են գալիս» սահմանադրական հեղաշրջում կատարելու հարցում»,-ասել էր Լուկաշենկոն: «Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ-ի ամբողջականությունը եւ անկախությունը»,-հավելել էր նա:

Բացի այդ, Լուկաշենկոն անդրադարձել էր ՀԱՊԿ երկրների տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման հարցը:

Իր հերթին, Բորդյուժան Լուկաշենկոյին հայտնել էր, որ ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ կներկայացվեն որոշման ստույգ ծրագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է կազմակերպության կանոնադրության փոփոխման մասին: