Լոռիի մարզի գյուղերի ճանապարհների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 220 մլն դրամ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 9-ին, այցելել է Լոռիի մարզի Թումանյանի տարածաշրջան, ծանոթացել Մոտկորի ձորի 6 համայնքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգման աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհի բարեկարգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 220 մլն դրամ: Նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել խճապատ գրունտային ճանապարհ:
Փոխվարչապետին զեկուցել են, որ 32 կմ-անոց ճանապարհի մոտ 18 կմ հատվածի վերակառուցումը կատարված է, ողջ ծավալով աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի կեսերին:Ճանապարհի վերանորոգումն էական նշանակություն կունենա հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացման առումով, որոնց համար ոչ բարվոք ճանապարհները կաթնամթերքի եւ մսամթերքի իրացման խնդիր են ստեղծում: Ի դեպ, այս համայնքներն ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀԲ-ի միջոցներով իրականացվող Համայնքային կարողությունների զարգացման ծրագրում:



























