Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ուղղությունները՝ հանրակրթությունից մինչեւ բարձրագույն կրթության  եւ գիտության ոլորտներ, ճիշտ են, եւ համընկնում են եվրոպական լավագույն փորձին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Լիտվայի ԿԳ նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Աշոտյանը նշել է, որ   երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լիտվայի կրթության ոլորտների բարոփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ փորձի փոխանակման հնարավորությունները:

Ընդգծելով, որ Լիտվայում կրթական բարեփոխումների արդյունքները բավականին տպավորիչ են, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը մասնավորապես նշել է. «Լիտվայի փորձը մեզ համար շատ  օգտակար եւ հետաքրքիր է, որովհետեւ այդ երկրին հաջողվել է խորհրդային պետության կրթական համակարգի ինստիտուցիոնալ եւ բովանդակային բարեփոխումների արդյունքում համապատասխանել Եվրամիության  կրթական չափանիշերին»:«Այն բարեփոխումները, որ մենք սկսել ենք իրականացնել վերջերս, Լիտվայում իրականացվել են ավելի վաղ եւ այսօր արդեն տալիս են իրենց պտուղները»-նշել է Ա. Աշոտյանը:

Առաջիկայում Լիտվայի կրթական համակարգի փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանից մասնագետներ կմեկնեն Լիտվա՝ տեղում ծանոթանալու նրանց աշխատանքներին։ Նախատեսվում է նաեւ հայ-լիտվական պայմանագրի կնքում` կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նախարարները պայմանավորվել են նաեւ երկու նախարարությունների կողմից ջանքեր գործադրել՝ միջբուհական կապերն ամրապնդելու ուղղությամբ։Լիտվայի ԿԳ նախարարը նշել է, որ առաջին անգամ է այցելում  Հայաստան, եւ տպավորված է մեր երկրով։ Անդրադառնալով Հայաստանի հետ կրթական համագործակցության խնդիրներին` Գինտարաս Ստեպոնավիչիուսն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնյան գործընթացի համանախագահության շրջանակում Երեւանում ընթացող միջազգային համաժողովի կարեւորությունը , որը վերաներում է կրթության ֆինանսավորման հիմնախնդիրներին։