Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Կարապետյանն ազատվել է իր դիմումի համաձայն: 

Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է  Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից: