Հիմքեր ունենք ենթադրելու, որ մարտի 1-ին մասնակցել են նաեւ ԼՂՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման խմբերը: Այս մասին ՀԱԿ-ի հանհարավաքի իր ելույթում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Սերժ Սարգսյանի հավաստիացումները, նրա հանձնարարականները որեւէ արժեք չունեն: Ապրիլի 20-ին նա հայտարարեց, որ նոր թափ է ակնկալում մարտի 1-ի բացահայտման գործով: Սա հույս տվեց, որ մեկ-երկու սպանություն կբացահայտվի: Անցել է հինգ ամիս, բայց սայլը տեղից չի շարժվել: Քննչական խումբը մի քանի հատոր մակուլատուրա է ավելացրել, դիմել կոչերով, բայց սպանությունները չեն բացահայտվում»,- ասել է նա:

Ընդդիմադիր գործչի խոսքով, եվրոպական երկրներում եթե սպանությունները չբացահայտվեն, դատախազն ու միլպետը հրաժեշտ կտային իրենց պաշտոններին, իսկ մարտի 1-ի գործով 10 սպանություններից անցել է 3,5 տարի, իսկ պատասխանատուները դեռ շարունակում են պաշտոնավարել:

Ջհանգիրյանը փաստերով ներկայացրեց քննչական խմբի կատարած օրինախախտումներն այս ընթացքում, ապա եզրակացրեց. «Առանց քաղաքական մթնոլորտի փոփոխության, անհնար է բացահայտել ու պատասխանատվության կանչել գլխավոր մեղավորներին, ի վերջո, կանխել նոր մարտիմեկերը:

Մենք հաղթահարած հազար փորձություն ու զրկանք` կանգնած ենք հիրավի ճակատագրական փորձությունների շեմին: Այս իշխանությունները ի վիճակի չեն կանգնեցնել երկրի գահավժումը կամ լուծել որեւէ խնդիր»: