Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` մարզպետներ Աշոտ Ղահրամանյանի եւ Էդիկ Բարսեղյանի մասնակցությամբ,  քննարկում է անցկացրել  Արմավիրի ու Արարատի մարզի խաղող մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շեշտը դրվել է պայմանագրերի վրա, որոնք պետք է դառնան վերամշակող ձեռնարկությունների աշխատանքների կազմակերպման հիմքը:Ինչպես նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, խաղողի մթերման համար սահմանվող գինը պետք  է լինի խելամիտ` չզիջելով մեկ կիլոգրամի համար 120 դրամը` հավելելով, որ արտադրված խաղողն ամբողջ ծավալով  կմթերվի։

«Այս տարվա մթերումից է կախված եկող տարվա արտադրության ծավալը, դժգոհություններ չպետք է լինեն»,- ասել է գյուղնախարարը` անդրադառնալով մայիսի 5-ին ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին: Տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր սեփականատերերին բերքի մթերումը բարձր մակարդակով կազմակերպել, իսկ աշխատանքները պլանավորել՝ համաձայն գյուղացիական տնտեսությունների հետ կնքած պայմանագրերի, որն էլ իր հերթին երաշխիք է դառնալու գյուղացու արտադրած բերքի իրացման:

Պայմանագրում պետք է արտացոլվի մթերման ժամկետը, քանակը, գինը եւ վճարման կարգը: Պայմանագրով են աշխատելու մթերող բոլոր կազմակերպությունները:

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի մթերման

գործընթացին, Սերգո Կարապետյանը նշել է, որ  այն ընթանում է հաջողությամբ:

«Այս պահի դրությամբ ոչ մի խոչընդոտ չկա մթերումների առումով: Բոլոր մարզերում գործընթացն իրականանում է բարձր մակարդակով: Արտադրված ամբողջ բերքը մինչեւ տարվա վերջ կիրացվի մթերող կազմակերպությունների կողմից, ինչպես որ հայտարարել ենք»,- ասել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ պետության ուշադրության կենտրոնում է ոչ միայն գյուղացու արտադրանքի իրացումն, այլ նաեւ վերամշակողինը, որպեսզի վերջինս արտահանման հետ կապված խնդիրներ չունենա: