ՀԱԿ-ը հանրահավաքների մի ամբողջ արշավ է սկսում, որը գնալով ահագնանալու է եւ հասնելու է մի գաթաթնակետի, որ ռեժիմը ստիպված է լինելու ընդունել ժողովրդի հաղթանակը: Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա իր ելույթում անդրադարձել է WikiLeaks-ի հայաստանյան բացահայտումներին, թվարկելով դրանցից մի քանիսը.

«Վերջերս գաղտնազերծվեցին սենսացիոն փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2008-2010թ. իրադարձություններին:

ԱՄՆ դիվանագետների զեկույցներն արձանագրում են.

1. 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր իրականում 450-ից 550 հազար ձայն

2. ըստ Վալերի Պողոսյանի (ՍԴ անդամ-NEWS.am)` ՍԴ վճիռը որոշվել եւ պարտադրվել է նախագահական նստավայրից:

3. Ամերիկացիների գնահատականներով, Երեւանի ավագանու ընտրություններում համակարգված կեղծիքներ են գրանցվել, քանի որ ամենալավ դեպքում ՀՀԿ-ն կարող էր հավաքել 25 տոկոս:

4. Մարտի 1-ին ժողովրդին ցրել են Ռոբերտ Քոչարյանի հրամանով:

5. Այս փաստը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի մանր ժուլիկների հետ գործ ունենք մենք եւ միջազգային հանրությունը: Պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր չի եղել շնորհավորել Սերժ Սարգսյանին, բայց Էդուարդ Նալբանդյանը, որ դեսպան էր, ստացել է շնորհավորանքի տեքստի սղագրությունը եւ հրապարակել` հուսալով, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանա հերքել:

Ես չեմ զարմանա, որ որեւէ Wikileaks-ի հրապարակման ընթացքում պարզվի, որ թշերը քաշքշքելիս Նալբանդյանը մի 20 դոլարանոց է թռցրել Ֆրանսիայի արտգործնախարարի գրպանից»,- նշել է Զուրաբյանը:

Նրա խոսքով, քանի որ իրականում կեղծվել է նաեւ ընտրողների թիվը, ապա ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է առաջին փուլում, քանի որ իրականում մասնակցել են ոչ թե 1,6 միլիոն, այլ 1,1 միլիոն մարդ:

«Մենք հաղթել ենք եւ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններում եւ այդ հաղթանակը մեզնից գողացվել է: Մենք ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որի ոչ լեգիտիմությանը ոչ ոք չի կասկածում:

Մեր հիմնական գործը պետք է լինի իշխանությունը զավթած մեքենայի կազմաքանդումը:

Մենք պարտադրելու ենք արտահերթ ընտրություններ: Ռեժիմին թվաց, թե համաձայնվելով մեր պահանջով օրակարգով բանակցություններով եւ հերյուրանքներ տարածելով Կոնգրեսի հասցեին, կարող է վարկաբեկել, բայց մենք չեզոքացրինք այդ քայլերը:

Իշխանությունը Տիգրան Առաքելյանի ձերբակալությունն օգտագործում է երկխոսությունը վիժեցնելու եւ վերջնական պատասխան տալուց հրաժարվելու համար»,- ընդգծել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգողը: