Ձկնաբուծարաններում իշխան ձկնատեսակի մեծ անկում է գրանցված, ու շատ մեծ է ռիսկը, որ վաճառքի են հանվում անկած ձկները, վաճառվում է նաեւ ձվադրման շրջանում գտնվող սիգ, դրա համար էլ գինն այդքան էժան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը:
«Սիգի որսն արգելված է, ձվադրման շրջան է, սակայն անարգել վաճառվում է ամբողջ երկրում: Երեք սիգը վաճառվում է հազար դրամով, դա սարսափելի ցածր գին է եւ լուրջ վնաս մեր Սեւանի էկոհամակարգին: Շատ ցածր գներով վաճառվում է նաեւ իշխանը, ինչը շատ կասկածելի է: Ձկնաբուծարաններում իշխանի մեծ անկում է գրանցված, ու շատ մեծ է ռիսկը, որ վաճառքի են հանվում անկած ձկները, դրա համար էլ գինն այդքան էժան է: Դրսում իշխանը վաճառվում է 1500-ից 2000 դրամով, իսկ խանութներում ջրի մեջ կենդանի իշխանը 3000 դրամի սահմաններում է: Դեռ հայտնի չէ՝ ձկներն ինչ պատճառով են անկել, եւ եթե մարդն ուտի, ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Ավազաններում իշխանների հետ ստերլյադներ են պահվում, դրա համար խորհուրդ կտամ այդ ձկնատեսակից էլ չօգտվել: Պետք է գործեն համապատասխան մարմինները, որովհետեւ ստեղծված վիճակը վտանգավոր է»,- նշեց նա:
Ֆերմերը խորհուրդ է տալիս մոտակա ժամանակներում առհասարակ փողոցային առեւտրի կետերից որեւէ անկած ձուկ չգնել:




























