ԵԱՏՄ-ում հաջողությամբ շարունակում է փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Հայաստանի հետ, նրա խոսքով, շատ շոշափելի առաջընթաց է գրանցվել։
«Մեր ֆինանսական հաստատությունները մեծապես վստահում են միմյանց։ Նրանք շարունակում են ընդլայնել թղթակցային հարաբերությունների ցանցը»,- ասել է փոխնախարարը։
Վոլվաչը հիշեցրել է, որ ամռանը Միջազգային միջբանկային արժութային բորսայում սակարկումները հայկական դրամով են բացվել։
«Առաջին իսկ շաբաթում դրանք ծավալների աճ են տվել։ Սա վկայում է այն մասին, որ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների հաշիվներին հայկական ազգային արժույթի առկայությունն անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է սպասարկելու համար ապրանքների եւ ծառայությունների իրական շրջանառությունը, որը շատ լուրջ աճ է գրանցել»,- ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի հետ աշխատանքը կառուցողական է ընթանում, իսկ ամենագլխավորը՝ դա ձեռնտու է երկու կողմերի բիզնեսին։




























