Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջին 3 օրերի ընթացքում ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված ապացույցների հիման վրա ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն):  

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը այսօր` սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի մարտական դիրքերում ԼՂ պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Հայկ Մկրտչյանը սեպտեմբերի 7-ին զոհվել էր համածառայակցի հետ վեճի արդյունքում: Հայկ Մկրտչյանը Արմավիրի մարզի Ամբերդ գյուղից էր եւ զորակոչվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից: Հայկ Մկրտչյանի հարազատների խոսքով, նրա մարմնից թվով 14 փամփուշտ են հանել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապես հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ), այնուհետ վերաորակվել էր մեղադրանքը: