Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ գործընկերներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Գարեգին Ազարյանի անժամանակ մահվան մասին: Մեր գործընկերոջ վաղաժամ մահը վիշտ է պատճառել բոլորիս: Մեծ է Գարեգին Ազարյանի ավանդը մեր երկրում մասնակցային ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկի` ընտրությունների կազմակերպման պետական մարմնի կառուցակարգային զարգացման և ընտրական գործընթացի բարեփոխման գործում: Այս ծանր պահին ցավակցում եմ Գարեգին Ազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին»,- ասված է վարչապետի նամակում:

Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

Նշենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը մահացել էր սեպտեմբերի 9-ին, սրտի կաթվածից: Նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: