«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր ծառայություններն առաջարկել հուսալի ռուսաստանյան տեխնոլոգիաներով հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կառուցելու գործում: «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նման հայտարարությունէ արել «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների արդյունքում:

«Մենք առաջարկում ենք Հայաստանին նոր էներգաբլոկը կառուցել ռուսական տեխնոլոգիաներով ՝ այլ արտադրողների սարքավորումները ներգրավելու հնարավորությամբ»,- նշել է Սերգեյ Կիրիենկոն՝ հիշեցնելով, որ այդ սխեման «Ռոսատոմն» իրագործում է Բուլղարիայում՝ «Բելենե» ԱԷԿ-ի կառուցման համար:

Նա ընդգծել է, որ գործող ատոմակայանի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ աշխատանքում խնդիրներ չեն ծագել: «Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար 2008թ. դեկտեմբերին ռուսական կողմը ՄԱԳԱՏԷ-ի ֆոնդին 240 մլն ռուբլի է փոխանցել՝ նախագծերի իրագործման եւ աջակցման համար՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից 2009-2011թ. իրականացվելիք Տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքներ տանելու համար»- ասել է «Ռոսատոմի» ղեկավարը: Նա նաեւ հայտնել է, որ նախապես հաշվարկվել է ԱԷԿ-ի համար գնվելիք սարքավորումների ցանկը: ՄԱԳԱՏէ-ն արդեն պայմանագրեր է կնքել «Ռոսատոմի» երեք ընկերությունների հետ՝ «Հիդրոպրեսս», «ԱԷԿ-ների ԳՀԻ»-ի եւ Նիժեգորոդյան Ատոմէներգոպրոյեկտի հետ, նաեւ «Կուրչատովյան ինստիտուտ»-ի հետ: Ծրագրերից մեկին ակտիվորեն մասնակցում է Ռոստեխնադզորը։

Կիրիենկոյի այցի շրջանակներում քննարկվել են նաեւ ուրանի հանքերի հետախուզման ոլորտում համագործակցության հարցեր: Նշվել է, որ սեպտեմբերի 8-ին «Ռուս-հայկական լեռնահանքային ընկերությունը» գործնականում սկսել է Հայաստանի Սյունիքի մարզում դաշտային աշխատանքները: Աշխատանքները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 15-ը, իսկ մինչեւ տարեվերջ դատողություններ կարվեն դրա արդյունքների մասին: