Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի բնակիչները դժգոհում ու բողոքում են, որ խմում են որակի չափանիշներին չհամապատասխանող, խմելու համար ոչ պիտանի ջուր:
«Խմելու ջուր տալիս են օրը մեկ ժամով, պատահում է նաեւ, որ օրերով ծորակից չի հոսում: Ի՞նչ է սա նշանակում, մենք մա՞րդ ենք, թե՞ չէ: Մենք էլ ենք ուզում լողանալ, լվացք անել, բայց նույնիսկ խմելու ջուր չենք հասցնում վերցնել»,- NEWS.am-ի թղթակցին բողոքել է Սեդա Հարությունյանը: Մեղրաշենցիները դժգոհում են, թե ջուրը, որ վերցնում են, պղտոր է ու անսովոր համ ունի: «Չգիտենք նույնիսկ քլորացվում է, թե ոչ: Պատահում է՝ օրերով երեխաները լուծ են ընկնում, դա ինչից է, նրանից, որ չգիտենք ինչ ենք խմում»,- բողոքել են մեղրաշենցիները:
Գյուղացիները դիմել են տարբեր մարմիններին, բողոքել են նաեւ Շիրակի մարզպետարան, բայց խնդիրը չի լուծվել: «Մենք չենք ճանաչում, չգիտենք անգամ մեզ ինչ կառույց է սպասարկում, բայց որքան կարելի է յոլա գնալ, դա էլ հո սնունդ չէ, ջուր է»,- դժգոհել են մեղրաշենցիները:



























