Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրն այցելել է մարզի  գյուղմթերք վերամշակող ընկերություն եւ հանքարդյունաբերական ձեռնարկություններ`  ծանոթացել արտադրական գործընթացներին եւ առաջիկա ծրագրերին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը նախ եղել է Մեղրու պահածոների գործարանում: Վերջինիս ղեկավարությունը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ընկերության գյուղմթերքի վերամշակման գործընթացը եւ արդյունքները: Սա Մեղրու տարածաշրջանում գործող միակ գյուղմթերք վերամշակող գործարանն է, որը հիմնադրվել է 1930 թ: Ընկերությունն իր արտադրանքի 70 տոկոսն իրացնում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Գործարանն այս տարի ծրագրում է եռապատկել 2009 թ. իրացման ծավալները` հասցնելով այն 200 մլն դրամի, այս տարվա համար նախատեսված 113 մլն-ի փոխարեն:

Ընթացիկ տարում 2009 թ. համեմատ գործարանը եռապատկել է նաեւ իր արտադրական ծավալները. 2011 թ. առաջին 8 ամիսների ընթացքում մթերվել է 70 տոննա թարմ միրգ, որը 3 անգամ ավելի է քան 2009 թ.-ի նույն ժամանակահատվածում:

«Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամը հաստատել է պահածոների գործարանի ներդրումային ծրագիրը եւ դրա արդյունքում ընկերությանը հատկացրել 80 մլն դրամ: Ըստ ընկերության ղեկավարության` գործարանի արտադրական աճը պայմանավորված է նաեւ այս հանգամանքով:  Բացի այդ, պահածոների գործարանն այս ամիս նախատեսում է «Փոքր եւ միջին ձեռնարկությունների ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից  ստանալ եւս 40 մլն դրամ վարկ: Ֆինանսներն ուղղվելու են գործարանի հիմնական մասնաշենքում ընթացող շինարարության ավարտին եւ շրջանառու միջոցների համալրմանը:

Մեղրիից վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի սեփականատերը 2008 թ. դեկտեմբերից համարվում է  «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջել է կոմբինատով` ծանոթացել վերջինիս արտադրական գործունեությանը: Ձեռնարկության  ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թ. հասցնել տարեկան 2,7 մլն տոննայից մինչեւ 3,5 մլն-ի: Այս նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում եւ հարստացուցիչ ֆաբրիկայի նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որը կավարտվի այս տարեվերջին: 2011 թ. օգոստոսի վերջին կոմբինատի հանքաքարի հանույթը կազմել է 1,8 մլն տոննա: Արտադրվել է 18 հազար 900 տոննա պղնձի եւ 428 տոննա մոլիբդենի կոնցենտրատ: Ներկայում կոմբինատում աշխատում է 912 աշխատակից՝ Ագարակ քաղաքի բնակչության 1/3-ը:

Այնուհետեւ կառավարության ղեկավարն այցելել է Քաջարան` տեղի պնղնձամոլբդենային կոմբինատ: Այն Քաջարանի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն տոննա հանքաքար: Ընկերությունն արդյունահանում եւ վերամշակում է մոլիբդենի ու պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի եւ մոլիբդենի խտանյութեր:

Վարչապետը եղել է նաեւ Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի արդյունաբերական էմուլիսոն պայթուցիկների արտադրությամբ զբաղվող գործարանում, ծանոթացել այստեղ իրականացվող աշխատանքներին: