Վիրջինյան կղզիների նահանգապետ Ալբերտ Բրայան կրտսերն աշխատանքից ազատել է այդ տարածքի գլխավոր դատախազ Դենիզ Ջորջին, որը տարբեր գործեր է վարել  ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի դեմ, ներառյալ երկարատեւ դատական պայքարը, որի արդյունքում 105 միլիոն դոլարի համաձայնագիր է կնքվել, հաղորդում է AP-ը։

Դենիզ Ջորջի ազատումը տեղի է ունեցել Նյու Յորքում JPMorgan Chase-ի դեմ դատական հայց ներկայացնելուց ընդամենը մի քանի օր անց եւ այն բանից հետո, երբ նա մեղադրել է ընկերությանը այն բանում, որ ընկերությունն օգնել է Էփշթեյնին ֆինանսավորել կանանց եւ երեխաների անօրինական շահագործումը ԱՄՆ Վիրջինյան կղզիներում եւ դրա սահմաններից դուրս։

Նահանգապետ Ալբերտ Բրայան կրտսերը կիրակի օրը հայտարարության մեջ չի նշել Ջորջին իր պարտականություններից ազատելու պատճառը՝ ասելով միայն, որ նրան կփոխարինի գլխավոր դատախազի օգնական Քերոլ Թոմաս Ջեյքոբսը։

Դեկտեմբերի 27-ին JPMorgan Chase-ի դեմ ներկայացված հայցում ԱՄՆ Վիրջինյան կղզիների կառավարությունը պնդում է, որ ընկերությունը «գիտակցաբար նպաստել, պահպանել եւ թաքցրել է մարդկանց թրաֆիքինգի ցանցը, որը ղեկավարվում էր Ջեֆրի Էփշթեյնի կողմից իր՝ Վիրջինյան կղզիներում գտնվող տնից եւ բազայից, եւ ֆինանսական օգուտներ է քաղել այդ մասնակցությունից»։

JPMorgan Chase-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հայցը։

Էփշթեյնն ինքնասպանություն է գործել Նյու Յորքի դաշնային բանտում 2019 թվականի օգոստոսին՝ սպասելով դատավարությանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչել տասնյակ աղջիկների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, որոնցից մի քանիսը ընդամենը 14 տարեկան են եղել։