Հունվարի 4-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Վարդանանց հրապարակում նրանք կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ իր մոտ թմրամիջոց կա:

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով երիտասարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ իրավապահների պահանջով ներկայացրեց թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված: Նրա հայտնածով՝ ներկայացվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ թփերից:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: