Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրել։«Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Պատասխանելով հարցին, թե պարենային առումով ինչ իրավիճակ է հանրապետությունում եւ հաջողվում է արդյոք նորմալ կյանք ապահովել, պետնախարարը հստակեցրեց՝ նորմալ կյանք, թե՞ սովից չմեռնել։
«Այո, մենք կարող ենք եւ պատրաստ ենք հաղթահարելու այս ճնշումն Ադրբեջանի կողմից։ Կլինեն մեծ սահմանափակումներ, այդ թվում սննդում։ Այո, մենք պատրաստ ենք դիմակայել, բայց անհրաժեշտ է նաեւ ճնշում Ադրբեջանի վրա։ Ո՞վ պետք է ճնշում գործադրի։ Բոլոր նրանք, ովքեր իրենց մարդ են համարում։ Իրավիճակն անընդունելի է։ Սա հակամարտություն չէ երկու ազգերի միջեւ, սա սեփական հողում մարդու ապրելու իրավունքի հարց է, ունի՞ արդյոք այդ մարդու կյանքն արժեք։ Ոչ թե Բրյուսելը, Վաշինգտոնը, Մոսկվան, այլ բոլոր մարդիկ պետք է դուրս գան նման երեւույթների դեմ պայքարելու։ Ճնշումը կարող է տարբեր լինել՝ եւ Ադրբեջանի կառավարության եւ հասարակության վրա», - ասաց Վարդանյանը։
Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության դերի մասին հարցին՝ պետնախարարը նշեց, որ Ռուսաստանը մեծ դեր ունի, բայց դրան պետք է մասնակցեն նաեւ այլ երկրներ. «Ի վերջո, Ադրբեջանը մեկուսացված կղզում չէ, նա ունի Եվրոպայի հետ գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրեր, Ադրբեջանում խոշոր միջազգային միջոցառումներ են անցկացվում։ Ճնշումը պետք է լինի այն, որ Ադրբեջան չմեկնեն, բոյկոտեն։ Շատ բան կարելի է անել եւ ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ առանձին մարդկանց կողմից»:





























