Գերմանիան պետք է դիվերսիֆիկացնի իր միջազգային բիզնես գործընկերներին եւ կենտրոնանա աշխարհի նոր տարածաշրջանների վրա: Այս մասին Reuters-ին ասել է Գերմանիայի կառավարության գլխավոր տնտեսական խորհրդական Մոնիկա Շնիցերը՝ հավելելով, որ գերմանական ընկերությունները պետք է մտածեն, թե ինչպես Չինաստանից ավելի քիչ կախված լինեն:

«Ասիան ավելին է, քան պարզապես Չինաստանը, իսկ Ամերիկան ավելին է, քան պարզապես ԱՄՆ-ը»,- ասել է Շնիցերը: Նա նաեւ հանդես է գալիս եվրոպական երկրների միջեւ ավելի սերտ հարաբերությունների օգտին: «Մենք՝ որպես Եվրամիություն, պետք է դիրքավորենք մեզ ռազմավարական առումով»,- ասել է Շնիցերը։

Նա Գնաճի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը համարում է «խտրական», քանի որ միայն տեղական ընկերությունները կամ առեւտրային համաձայնագրերում ներկայացված ընկերություններն են օգտվում ամերիկյան սուբսիդիաներից: Նրա խոսքով՝ Գերմանիան չպետք է միայնակ գործի եւ պատասխան սուբսիդավորի։ «Դա սխալ է, քանի որ մենք Եվրոպան դիտարկում ենք որպես ընդհանուր շուկա, եւ մենք պետք է միասին գործենք»,- ասել է Շնիցերը:

Նա ընդգծել է ԱՄՆ-ի՝ որպես Գերմանիայի առեւտրային գործընկերոջ կարեւորությունը եւ ասել է, որ Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու նոր փորձ պետք է արվի: