Դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 28-ին եւ 29-ին տեղի կունենա «Ձուկն առանց առանց ջրի, կամ ինքնասպանը» պիեսի բեմադրությունը, որը կնվիրվի համաշխարհային կինոյում իր մշտական տեղը հաստատած մեծ դերասան Վլադիմիր Մսրյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ իր մահկանացուն կնքեց 20-րդ դարի հայ թատրոնի եւ կինոյի ամենանշանավոր անհատականություններից մեկը` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանը: Ականավոր դերասանի ծննդյան 70-ամյակի առթիվ թատերագետ եւ թատերագիր Լեւոն Մութաֆյանը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գոեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի համահեղինակությամբ գրել էր «Ձուկն առանց առանց ջրի, կամ ինքնասպանը» պիեսը` այն ամբողջապես կառուցելով Վլադիմիր Մսրյանի դերասանական առանձնահատկությունների վրա:
Թատրոնում անհամբերությամբ էին սպասում բեմադրության առաջնախաղին` վայելելու ականավոր դերասանի տաղանդի նոր դրսեւորումը, սակայն փորձերն ընդհատվեցին… դերասանի մահվան պատճառով: Բեմադրիչ Արմեն Խանդիկյանը ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հետ, սակայն, որոշել են մոռացության չմատնել դրամատիկական ստեղծագործությունը: Եվ այժմ գլխավոր հերոսի` Բարդուղիմիոսի դերում հանդես կգա Արթուր Ութմազյանը:




























