Հայաստանի հակառակորդները հասկանում են բանակի բարձր վարկանիշի անհրաժեշտության նշանակությունը պետականաշինության գործում, իսկ մենք, կարծես թե, ոչ: Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Նրա խոսքով, «ամենավատն այն է, որ երբ մի պահ, ինքդ էլ կասկածելով, ուզում ես ճշտել, թե իրո՞ք ամեն ինչ այդքան վատ է, պարզվում է ճիշտ հակառակը: «Այսպես՝ երբ ես իմ աղբյուրներից, պարզապես ինձ համար, փորձեցի պարզել, թե համեմատական կարգով այս տարվա ցուցանիշը որքանով է «վատ», դուրս եկավ, որ այդ «վատը» լավագույն ցուցանիշն է Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ, եւ զոհերի թիվը զգալի չափով փոքր է մինչ այս լավագույն արդյունքներով փակված 2007 թվականի տվյալ ամսվա ցուցանիշից»,- ասել է իշխող կուսակցության անդամը, կարծիք հայտնելով, որ սա «պլանավորված հարձակում է ազգայինի դեմ», որի հեղինակները գուցե պատվեր են կատարում:

«Բանակում զինվորին պետք է ապահովեն սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդով, սովորեցնեն լավ կրակել, օգտվել իրեն ամրակցված զենքից, ֆիզիկապես կոփեն եւ այլն: Թվարկվածներից ոչ մեկի մասով կարծես թե դժգոհություն չկա, համենայն դեպս, ոչ ոք այդ մասին չի խոսում կամ գրում: Ինչո՞ւ որեւէ մեկը չի բողոքում, որ իր որդուն, ասենք, վատ են սովորեցրել կրակել ինքնաձիգից կամ բանակից վերադարձած իրենց որդին ֆիզիկապես շատ թույլ է: Թե՞ բոլորը այդ առումներով լավ են լինում պատրաստված: Եթե՝ այո, ուրեմն հրաշալի է զինված ուժերի մեր համակարգը, որովհետեւ, պաշտպանության նախարարը հակամարտության մեջ գտնվող մեր երկրում առաջին հերթին պետք է աշխատի հենց այս ուղղություններով»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին, հանրապետական գործիչն ասել է. «Միթե պաշտպանության նախարարը պետք է բացատրի մեր որդիներին, որ. «Զավա՛կս, 5 հոգով մեկին մահու չափ ծեծելը ստորություն է, ինչ էլ նա արած լինի»: Այս իմաստով՝ վստահաբար անելիքը մերն է՝ բոլորինս, նաեւ նրանցը, ովքեր, իրենց մեղքը թողած, զբաղված են մեղադրելով: Ի վերջո, հարկավոր է ուղիղ նայել ճշմարտության աչքերի մեջ. հայոց բանակը կազմված է մեր զավակներից, եւ միտումնավոր պախարակողները, ովքեր ամեն արտակարգ պատահարից կարծես ուրախանում են, ժողովրդի՝ քափ ու քրտինքով ստեղծած հայոց բանակն օտարել են ուզում հենց ժողովրդից»: