Թատրոններ, թանգարաններ եւ մշակութային այլ օջախներ այցելությունների` 2011-2012 ուսումնական տարվա աբոնեմենտային ծրագիրը մեկնարկել է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն այցելությամբ:
Քաղաքապետարանի ենթակայության 7 հիմնական դպրոցների չորրորդ դասարանցի 350 աշակերտներ դիտել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աբոնեմենտային ծրագրի խաղացանկը կազմվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում: Ընտրվել են ուսումնական ծրագրերին եւ տարիքային աշխարհընկալմանը համապատասխանող ներկայացումներ:
Ուսումնական այս տարվա ծրագրին մասնակից աշակերտների թիվը 10.000-ով ավելի է լինելու, քան ծրագրի մեկնարկային փուլում էր: Նախատեսված է, որ անվճար աբոնեմենտներ են ստանալու 1-9-րդ դասարանների 90.000 աշակերտներ` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 161 հիմնական, 15 միջնակարգ, 3 հատուկ դպրոցներից, 4 ուսումնարաններից: Բացի այդ, անվճար աբոնեմենտների ծրագրով թատրոններ ու թանգարաններ կայցելեն նաեւ «Փյունիկ» հաշմանդամների միությունում ընդգրկված երեխաները:
«Վաղվա քաղաքացու դաստիարակության հիմքը այսօրվա երեխայի գեղագիտական ճիշտ դաստիրակությունը է: Եվ այս գործում կարեւորը հենց պետության ճիշտ ու նպատակային ներգործությունը պետք է լինի, ինչն էլ, ըստ իս, ապահովում է քաղաքապետի սույն նախաձեռնությունը», - շեշտել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ծրագիրն զգալիորեն ընդլայնվել է, այդ թվում նաեւ մշակութային ոլորտների ներգրավման առումով: Աշակերտները 2011-2012թթ. երկու կիսամյակներում շուրջ 290 ներկայացում կդիտեն: Համալրվել է թե՛ թատրոնների ցանկը եւ թե՛ խաղացանկը: Ըստ այդմ, աշակերտները կայցելեն 9 թատրոններ, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ եւ «Նաիրիե կինոթատրոն` կինոդիտումների: Բացի այդ, ծրագրում ընդգրկվել են մայրաքաղաքում գործող բոլոր թանգարաններն ու տուն-թանգարանները:




























