Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Խորհրդային Հայաստան» եւ «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:
«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ, առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920թ. Հայաստանի խորհրդայնացման եւ հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր: Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզները եւ ժամանակագրական աղյուսակներն ի ցույց են դնում պետական համակարգի, երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքը:
Առանձին բաժնով ցուցադրվում է հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Հայազգի մարշալների, գեներալների, սպաների եւ զինվորների անձնական իրերն ու փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու պարգեւները ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի հերոսական ներդրման խոսուն վկայություններն են:
Ցուցադրությունը եզրափակող հատվածում ներկայացված են հետպատերազմյան Հայաստանի տնտեսական, մշակութային կարեւոր իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր եւ ցուցանմուշներ:
«Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունն ամփոփում է Հայաստանի անկախության եւ ինքնիշխան պետության կայացման ճանապարհը` 1988–ից սկսած: Ժամանակագրական տախտակները եւ վավերագրական լուսանկարները մանրամասն ներկայացնում են այդ դժվարին ճանապարհի կարեւորագույն հանգրվանները:



























