2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց հայրենի բնակավայրե8ից արդեն իսկ տեղահանվել են Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Մարդակեր Ալիևը եւ իր ռեժիմը շարունակում է Արցախի հայաթափման քաղաքականությունը, իսկ հիմա էլ՝ փափուկ ուժի գործադրմամբ և ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքներով:

Արդեն շուրջ 40 օր է փակ է Բերձորի միջանցքը, այսօր տեղեկացանց, որ նորից փակել են Հայաստանից գազամատակարարումը, օրեր առաջ էլ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Շրջափակման մեջ են հայտնվել արցախի 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար  երեխաներ, որոնք թերսնման առջեւ են կանգնած»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, թուրք ադրբեջանական տանդեմն ծրագրված կերպով այս փուլում ցանկանում են Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել Արցախի պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին, ստեղծել հումանիտար աղետ՝ իր անմարդկային բոլոր դրսևորումներով և այդ ճանապարհով հասնել Արցախի հայաթափմանը:

Հայտնելով, որ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները,  խաթարվել են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները՝ Ավետիսյանն ասաց, որ այն արվում է մեկ նպատակով՝ ցեղասպանության և հայրենազրկման:

«Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակում միջազգային դերակատարներն գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը, որը բխում է առավելապես իրենց շահերից և այն՝ փոխարեն Արցախի և արցախցու կյանքի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն էլ առաջնորդվում են սեփական աթոռը պահելու բացառիկ շահով, որը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու բոլոր ձգտումներին:

«Այլընտրանք չկա: Արցախը չի կարող լինել և գոյատևել Ադրբեջանի կազմում: Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է, յուաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումը Արցախում, Հայաստանում և սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Բանաձևը նունն է և շարունակելու է մնալ միակը՝ համախմբում միասնական դիմադրություն, պայքար մինչև հաղթանակ, և այդպիսով նաև արժանապատիվ խախաղություն»,-եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: