Հայտարարություններն այն մասին, թե նախկին իշխանությունները ԼՂ հիմնախնդիրը դրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին, բացարձակ անհիմն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա, մասնավորապես, հնչեցրեց եւ հերքեց հասարակության մեջ գեներացվող մի շարք թեզեր։
«Ասում են, իբր, Նիկոլի գրպանն են գցել Լեռնային Ղարաբաղի հարցը, սակայն փաստերը հակառակն են խոսում»,-նկատեց Մամիջանյանը։
Այսպես, նրա խոսքով, պատմության մեջ առաջին անգամ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հակասություններ են արձանագրվել։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, որ հանրապետությունը չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունները լռություն են պահպանում։
«Առաջին անգամ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչը հայտարարում է, որ Ռուսաստանն ու ռուսական ռազմաբազան սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար։ Առաջին անգամ Հայաստանից հիմնական բանակցողը բանակցային գործընթացում մտցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, քանի որ դրանից 20 օր առաջ Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախության մասին, իսկ Հայաստանը վերապահումով միացել է հռչակագրին»,-հայտնեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել է հիշատակել նաեւ ՄԱԿ-ի 4 բանաձեւերի մասին, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ ակտիվորեն շահագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից։ Ընդ որում, նա Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպել է միայն շրջափակման սկսվելուց 8 օր անց։ Այն էլ՝ պլանային, այլ ոչ թե արտակարգ հանդիպման շրջանակներում։
«Հենց Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ հրաժարվեց ընդունել հայտարարություն, որը բացառում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հնարավորությունը։ Նա նաեւ առաջին անգամ համաձայնել է ստորագրել մի փաստաթուղթ, որում չի հստակեցվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նա հրաժարվել է ՀԱՊԿ ուժերի հետ զորավարժություններից։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող բանակցողը սկսել է ադրբեջանական թեզեր տարածել։ Հիմա դատե՛ք ինքներդ՝ Նիկոլի գրպա՞նն են գցել ԼՂ հարցը, թե՞ հենց նրան են գցել հայ ժողովրդի գրպանը»,-հավելեց Մամիջանյանը։





























