ՄԻԵԴ-ում Լաչինի միջանցքի հետ կապված գործը այնքան ճշգրիտ իրավական գործընթաց չէ, ինչպես մյուս գործընթացները: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը։
«Հաջորդ քայլը, վստահ եմ՝ Նախարարների կոմիտեն կընդունի ոչ միայն այս գործով, այլև մոյսւ դիմումներով սկզբից միջանկյալ բանաձև, որը ճնշման գործիք է ԵԽ-ի կոմից, բայց միևնույն է՝ հիմքում դրված է երկխոսություն, այլ ոչ թե պատժելը: Իսկ եթե Ադրբեջանն էլի ձգձգի, իսկ ես վստահ եմ, որ դա կանի որոշակի քաղաքական ռեսուրսներ նետելով ԵԽ դաշտ, այնտեղ տարբեր լոբբիստական գործիքներով կփորձի մեղմել իր հանդեպ ուժգնացող ճնշումը, բայց ի վերջո կընդունվի բանաձև, որ տվյալ պետությունը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռը: Եթե հարցը կրկնվի և Ադրբեջանը որոշի, որ պետք է գնալ հարաբերությունների սրման ԵԽ-ի հետ, հարցը կմտնի արդեն ԵԽԽՎ, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները ԵԽ-ի առջև:
Իհարկե, չի լինի այն, ինչ եղավ Ռուսաստանի հետ, որին ուղղակի վռնդեցին ԵԽ-ից, քանի որ ագրեսիվ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Այստեղ Ադրբեջանը կփորձի ներկայացնել, որ հարցը վիճելի է:
Հայկական կողմը պետք է ճնշումը մեծացնի, որ որոշակի հակազդեցություն իրականացնի: Եթե Հայաստանը չի կարող հակազդել ռազմական դաշտում, ապա դա պետք է անի իրավական, քաղաքական դաշտերում: Եթե Ադրբեջանը ԵՄ-ին իր համար լուրջ գործընկեր է տեսնում, ապա նա նաև կաշկանդված է դրանով: Այնպես որ մարդու իրավունքների բաղադրիչը, որը ամենակարևոր բաղադրիչը չէ, այդուհանդերձ, օրակարգային հարց է, և մենք պետք է շեշտը դնենք նրա վրա, որ Ադրբեջանն անհուսալի գործընկեր է, որովհետև օգտագործում է բլոկադան՝ սովամահության մատնելու մի ողջ համայնքի»,-ասաց նա:
Արա Ղազարյանը նկատեց, որ չի եղել որեւէ դեպք, որ պետությանը հեռացնեն ԵԽ-ից զուտ ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու համար, սակայն եղել են շատ դեպքեր, երբ պետությունը վերանայել է իր վարքագիծը ՄԻԵԴ-ի վճիտռների հետ կապված:




























