Յարոսլավլում թաղել են հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովին, ով սեպտեմբերի 7-ին, Յարոսլավլի օդանավակայանում ՅԱԿ-42-ի աղետի հետեւանքով վնասվածքներ ու այրվածքներ էր ստացել եւ մահացել սեպտեմբերի 12-ին` հիվանդանոցում:
«Լոկոմոտիվ» ակումբի հոկեյիստին հրաժեշտ տալու էր եկել ավելի քան 10 հազար մարդ, «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Շիխանովը: Քաղաքացիական հուղարկավորությունը եւ սգո հանրահավաքը տեղի է ունեցել Յարոսլավլի Սառցե պալատում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, ՅԱԿ-42 օդանավը, որում եղել են Յարոսլավլի «Լոկոմոտիվ» ակումբի հոկեյիստները, աղետի է ենթարկվել Յարոսլավլի «Տունոշնա» օդանավակայանում: Օդանավը չի կարողացել բարձրություն հավաքել եւ բախվել է փարոսին” Օդանավում եղել է 45 մարդ: Կենդանի են մնացել երկու մարդ` հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովն ու բորտուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը: Սակայն մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ Գալիմովը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:


























