Երեւանում անմշակ հողակտոր պետք է չմնա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն` աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հայտարարված մայրաքաղաքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին ուղղված անվանակարգային մրցույթին` քաղաքապետը նշել է, որ պետք է անաչառորեն գնահատել եւ խրախուսել այն կազմակերպություններին ու կառույցներին, որոնք բարեկարգել եւ պատշաճ ձեւով կանաչապատել են իրենց շրջակայքը: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են առաջիկա օրերին, ընդ որում անբարեկարգ տարածքներ ունեցող սուբյեկտները եւս պետք է տեղ գտնեն համապատասխան անվանակարգերում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը կոչ է արել կազմակերպված եւ ակտիվ մասնակցել սեպտեմբերի 17-ի համաքաղաքային շաբաթօրյակին:
Անդրադառնալով մայրաքաղաքում ընթացող շինարարությանն ու բարեկարգման աշխատանքներին` նշվել է, որ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների 70 տոկոսը կատարված է. ասֆալտապատվել է 400 հազար ք/մ եւ ճաքալցվել`150 հազար գծամետր տարածք:
Շարունակվում են Ազատության պողոտայում, Շիրազի եւ Դավիթ Անհաղթ փողոցներում վերգետնյա նոր անցումների կառուցման աշխատանքները, որոնք շահագործման են հանձնվելու առաջիկայում:
Համապատասխան թույլտվություն է տրվել 5 վերգետնյա անցումների նախագծերի համար, որոնց կառուցման աշխատանքները մեկնարկելու են հաջորդ տարի:
Անդրդառնալով ստորգետնյա անցումների բարեկարգման ծրագրերին` քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել գետնանցումները մրցութային կարգով տնտեսվարողներին հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում կապահովվի բարեկարգման պատշաճ աշխատանքների իրականացումն ու առեւտրային սուբյեկտներին համապատասխան տարածքների տրամադրումը:




























