Հայաստանի փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն այսօր` սեպտեմբերի 13-ին, այցելել են «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով Շիրակի եւ Լոռիի մարզում հիմնանորոգված դպրոցներ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռիի մարզերում: Դպրոցներն ապահովվել են նաեւ անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, ունեն կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, բուժկետ:

Դպրոցներում կազմակերպվել էր նաեւ ջերմ ընդունելություն` ի պատիվ հյուրերի: Մանկավարժներն ու սաները երախտագիտություն են հայտնել «Լինսի» հիմնադրամի  ղեկավարությանը` ծրագրի իրագործման համար:

ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված  երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինության» ծրագրում ընդգրկված էին Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները:

«Լինսի» հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորություններն այս տարվա   փետրվարին փոխանցել էր  Միացյալ հայկական հիմնադրամին, վերջինս  էլ ավարտին հասցրեց ծրագիրը:  Դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին 2010թ. հունիսին,  բոլոր վեց հաստատություններում էլ դրանք ավարտվեցին մինչեւ սեպտեմբերի 1-ը, եւ սաները հնարավորություն ունեցան նոր ուսումնական տարին սկսել նոր պայմաններում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, այն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: