Հայաստանի պատմության թանգարանում, այսօր` սեպտեմբերի 13-ին մարվել եւ շրջանառության մեջ են դրվել ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերը: Նամականիշերի մարումն իրականացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայփոստից» NEWS.am-ին հայտնում են, որ մարման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ով իր խոսքում նշել է, որ այդ նամականիշները ճամփորդելու են աշխարհով մեկ ու դառնալու են հայության միասնականության վկաներն ու դեսպանները:  

ՀՀ անկախությանը նվիրված առաջին նամականիշը շրջանառության մեջ է դրվել դեռեւս 1992 թվականին: Անկախությանը նվիրված նամականիշերի մարման այս ավանդույթը շարունակական է եղել 2001, 2006 եւ 2010 թվականներին եւս:  

Անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ պետական դրոշն ու զինանշանը, մյուսի վրա` ԼՂՀ պետական դրոշն ու զինանշանը:

Նույն օրը «Հայփոստը» ներկայացրել է նաեւ անկախության 20 տարիներին  թողարկված բոլոր նամականիշների նմուշները:

Հարկ է նշել, որ պետական հոբելյաններն ու տոներն իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ:  Անկախության նամականիշերից բացի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար առանցքային կարեւորության տարելիցների ու իրադարձությունների թեմաներով նախորդ տարիներին մարվել եւ շրջանառության մեջ են դրվել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված նամականիշերը եւ այլն: