Միջազգային հանրությունը, այդ թվում եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու եւ Արցախում սկսված հումանիտար ճգնաժամը լուծելու նպատակով։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Հայաստան» ըննդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար, հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ադրբեջանը, նրա կարծիքով, կշարունակի ճնշում գործադրել։ Խոսքը, մասնավորապես, հարկադրման գործողությունների մասին է՝ ուղղված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի դեմ։ «Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են ակնհայտ նպատակ՝ քշել հայերին Արցախից։ Այնուամենայնիվ, ստեղծված պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է համապատասխան ազդեցություն գործել նաեւ Հայաստանի ղեկավարության վրա»,- ասել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը։
Օհանյանի խոսքով՝ ադրբեջանցիները ցանկանում են առաջ տանել «միջանցքի» տրամաբանությունը։ Ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլեւ Սյունիքի մարզում։
«Հայաստանի ղեկավարության կարծիքով՝ դրա համար պատասխանատու են Ռուսաստանն ու Ադրբեջանը; Ընդ որում՝ նրանք չեն հիշեցնում ժողովրդին այն մասին, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել են նաեւ իրենք՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները»,- նշել է ընդդիմադիր գործիչը։
Նա նշել է. այսօր Արցախը հայտնվել է այնպիսի վիճակում, որ դա նրա իշխանություններին թույլ է տալիս որոշակի չափով համապատասխան հարաբերությունների մեջ մտնել Բաքվի վարչակարգի հետ։
«Իսկ Հայաստանի իշխանությունները վախենում են խոսել այն մասին, որ Խորհրդային Միության փլուզման շրջանում Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է այն նույն պայմաններով եւ օրենքներով, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը»,- ամփոփել է Սեյրան Օհանյանը։





























