Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երեւանի կոնյակի գործարանը արտադրել է «Հայաստան» կոնյակը, որը առաջիկա օրերին կհայտնվի մանրածախ ցանցում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Կոնյակը կարտադրվի անկախության առաջին տարվա` 1991 թ. մթերված խաղողի սպիրտից, այսինքն` 20 տարեկան հնեցված սպիրտից: «Հայաստանը» կարտադրվի սահմանափակ քանակությամբ (մոտ 10 հազ. շիշ), նրա մեկ շիշը երկրի ներդում կվաճառվի 55 հազ. դրամով: Սակայն արտադրանքի 75 տոկոսը կարտահանվի; Ընդ որում, ըստ Ա. Գրիգորյանի, սա ոչ թե առեւտրային, այլ ներկայացուցչական ծրագիր է:

Նշենք, որ «Հայաստան» անվանումով կոնյակ արտադրվում էր 80-ական եւ 90-ական թվականներին, սակայն մոտ 10 տարի առաջ այն հանվեց արտադրությունից:Բացի «Հայաստանից», 2-3 շաբաթ հետո սպառողներին կառաջարկվի նաեւ «Դվին» կոնյակը, որը նույնպես քաջ հայտնի է ավագ սերնդին: «Դվինը» կունենա նոր փաթեթավորում եւ կպատկանի սուպեր-պրեմիում դասին: