Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հպարտ է, որ Հայաստանը անկախ պետականություն, ինչպես նաեւ հզոր բանակ ունի: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակից հետ զրույցում, Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Սարդարապատում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ:
Նա նշեց, որ ուրախ է, որ Հայաստանի հասարակության գիտակցությունը բարձրացել է եւ մարդիկ հասկանում եւ արժեւորում են, թե ինչ է պետությունն ու պետականությունը:
«Ուրախ եմ, որ ունենք մարտունակ բանակ: Ինձ համար, որպես զինվորականի, գլխավորը մարտունակ բանակի առկայությունն է: Վերջին ժամանակներս շատ են խոսում բանակի մասին, իսկ ես կասեմ հետեւյալը. «Ինչպես հաղթանակի հետեւում կանգնած, հաղթանակի քարը քարի վրա դրած, բանակը կառուցած մարդ, մեր բանակի նման մարտունակ բանակ տարածաշրջանում չկա: Ինչքան էլ ցանկանան, որ մեր բանակը թուլանա, դա տեղի չի ունենալու, որովհետեւ մեր բանակն իսկապես ուժեղ է եւ ուժեղ է լինելու»,-ասաց նա:
Որպես իր ուրախության մյուս կարեւոր շարժառիթ, Հարությունյանը նշեց փաստը, որ «մեր ժողովրդի դեմքին ժպիտ կա»:
«Ես տեսնում եմ, որ մարդիկ սկսել են լավ ապրել: Իհարկե կան թերություններ եւ տնտեսության մեջ եւ բանակում, սակայն դրանք այնպիսի թերություններ են, որոնք կարելի է վերացնել եւ վերացնել շատ շուտ: Ես մեր բանակին ու ժողովրդին ցանկանում եմ հաջողություն, որ բանակը միշտ պատրաստ լինի պաշտպանել մեր ժողովրդին, իսկ ժողովուրդն էլ թիկունք կանգնի իր բանակին»:



























