Հայ ազգային կոնգրեսը կիսում է գիտական հանրության արդարացի մտահոգությունները, կապված Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի իրավակազմակերպական կարգավիճակի փոփոխման հետ:
Այս առնչությամբ, ՀԱԿ-ի Գիտության եւ կրթության հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սեպտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ փոփոխվել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի իրավակազմակերպական կարգավիճակը՝ այն վերակազմավորվել է հիմնադրամի: Հայաստանի՝ համաշխարհային համբավ ունեցող գիտական հաստատության կառավարման եւ ֆինանսավորման հետ կապված սկզբունքային որոշումը, վարչախմբի գործելաոճին հարիր, այս անգամ եւս կայացվել է առանց ինստիտուտի կոլեկտիվի, գիտական հանրության կարծիքը հաշվի առնելու եւ պատշաճ մասնագիտական հիմնավորումների»
Ըստ այդմ, որոշման հետ առնչվող փաստաթղթերի եւ ԵրՖԻ գիտնականների բարձրացրած հարցերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինստիտուտի իրավակազմակերպական կարգավիճակը փոխելու հիմնական շարժառիթ է հանդիսացել հիմնարար գիտությունը պետության կողմից ֆինանսավորելու պարտավորությունից խուսափելու վարչախմբի ռազմավարությանը համահունչ նպատակադրությունը: Պատահական չէ, որ կայացված որոշման անհրաժեշտությունը հիմնավորվում է «լիազոր մարմնի ուղղակի ներգործության անհրաժեշտության բացակայությամբ»: Կառավարման ապակենտրոնացման քողի տակ ի կատար է ածվում Հայաստանի գիտական ներուժը փոշիացնելու՝ վարչակարգի գիտակցված քաղաքականությունը, ինչը հղի է գիտության ամբողջ համակարգի համար վտանգավոր հետեւանքներով:
«Հայ Ազգային Կոնգրեսի գիտության եւ կրթության հանձնաժողովը, կիսելով գիտական հանրության արդարացի մտահոգությունները, անհրաժեշտ համարելով կասեցնել կազմակերպությունը հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը, գտնում է
1) Պետությունը պետք է երաշխավորի գիտահետազոտական ինստիտուտների կոլեկտիվների ու գիտական խորհուրդների՝ ցանկացած վերակազմավորման որոշում կայացնելու եւ ձեւի ընտրության ազատ հնարավորությունը, ինչպես նաեւ գիտական կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
2) Հիմնարար գիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող հաստատությունների իրավակազմակերպական ձեւը պետք է առավելագույնս բխի գիտության հիմնարար հետազոտությունների հատվածը պետության կողմից ուղղակի ֆինանսավորման անհրաժեշտությունից:
Գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը արդյունավետ կարող է գործել միայն գիտության բնագավառում ներգրավված հանրության հետ ակտիվ համագործակցությամբ եւ իրականացվող գործընթացներին ու դրանց վերահսկմանը մասնակցության լայն հնարավորությունների ապահովմամբ: Գիտական ցանկացած հիմնարկի կենտրոնական միավորն ու ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտնական-հետազոտողը»,- նշել են հայտարարության հեղինակները։



























