Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 14-ին, դռնբաց նիստում  քննության է առել ազատամարտիկ, Շիրակի մարզի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ  Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ազատամարտիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն), եւ 325 հոդվածի առաջին մասի (փաստաթղթերի կեղծում) հատկանիշներով: Ըստ գործի նյութերի, Աթոյանը փաստաթղթեր կեղծելու եղանակով զինվորական կենսաթոշակ  ստանալու իրավունք է ձեռք բերել եւ շահադիտական նպատակներով 2005 - 2010 թթ օգտագործել է  ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու կեղծ փաստաթղթերը:

Մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով, նշելով, որ Ժորա Աթոյանը յուրացրել է շուրջ 3 միլոն 347 հազար  դրամ գումար եւ առաջարկել դատարանին Աթոյանին 8 տարվա ազատազրկման դատապարտել: Որպես վկաներ հարցաքննվել են գյումրեցի մի շարք ՀԱԿ ներկայացուցիչներ, ովքեր դարձյալ ազատամարտիկներ են՝ Աշոտ Զաքարյանը, Ավետիք Մելքոնյանը եւ Անուշավան Հովհաննիսյանը: Նրանք պնդել են իրենց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, այսինքն, որ Ժորա Աթոյանը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ կորցրել առողջությունը:

Ժորա Աթոյանն ընդգծել է, որ իր հանդեպ դատական հայցը սկսվել է իր քաղաքական հայացքների պատճառով: