Ավստրալիայի քաղաքացիներն իրավունք են ստացել անձնագրում, իգական եւ արական սեռերից բացի, սեփական սեռը նշել որպես անորոշ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Սեռային նոր պատկանելությունը փաստաթղթերում նշվելու է X տառով։

Միաժամանակ, անձնագրում սեռային պատկանելության փոփոխության համար քաղաքացու ցանկությամբ բավական է բժշկի թուլտվության մասին տեղեկանքը։ Նախկինում սեռն արականից իգական եւ հակառակը փոխելը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ փաստաթղթի սեփականատերը սեռի փոփոխության լիարժեք վիրահատություն էր տանում։

2010 թվականի մարտին Ավստրալիայի բնակիչ Նորրի Մեյ-Ուելբին դարձավ առաջին մարդը, ում սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվեց որպես «անորոշ» (not specified)։ Տղա ծնված Ուելբին սեռը փոխելու վիրահատություն տարավ, սակայն ի վերջո որոշեց, որ իգական սեռը եւս իրեն չի սազում։ Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները համաձայնեցին նրա համար փաստաթղթերում բացառություն անել՝ տեղեկանք ստանալով այն բժիշկներից, ովքեր չէին կարողացել միանշանակ կերպով որոշել Մեյ Ուելբիի սեռը։