Հայաստանի ծախու դատական համակարգը ի կատար ածեց վարչախմբի եւս մեկ քաղաքական պատվեր ազատ մամուլի ամենատարածված ու հեղինակավոր միջոցներից մեկի՝ «Հայկական Ժամանակ» թերթի նկատմամբ։ Այդ մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Այն ապօրինաբար բավարարեց երեք օլիգարխ-իշխանավորների՝ Սամվել Սալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լեւոն Սարգսյանի դատական հայցը՝ ավելի քան 6 միլիոն դրամ տուգանք սահմանելով oրաթերթի վրա։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով դատարանի ապօրինի, վարչախմբի կողմից թելադրված այս վճիռը, հայտարարում է, որ դա, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, ազատ խոսքը լռեցնելու, իսկ տվյալ դեպքում նաեւ ընդդիմադիր թերթի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու ցինիկ եւ փոքրոգի մի քայլ է։ Դատարանի վճիռը առանձնահատուկ ու ապշեցուցիչ է նրանով, որ թերթը վերոհիշյալ օլիգարխների մասին նյութը տպագրել է՝ հանվանե հիշատակելով տեղեկատվության իր մոսկովյան աղբյուրը, իսկ վերջինս էլ մի քանի անգամ հրապարակավ հաստատել է դա»,- նշել են հայտարարության հեղինակները։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է արել իր բոլոր համակիրներին եւ «Հայկական ժամանակի» ընթերցողներին՝ ակտիվորեն մասնակցել խմբագրության հայտարարած հանգանակությանը՝ սիրելի թերթը ֆինանսական ծանր վիճակից հանելու, թերթը սնանկացնելու միջոցով փակելու վարչախմբի նպատակը տապալելու համար»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:




























