Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, 700 հազար դրամ է փոխանցել անվանի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի վիրահատության համար բացված հաշվեհամարին, եւս 300 հազար դրամ էլ կփոխանցի հոկտեմբերի 1-ին: Այս մասին վարչապետը հայտնել է Facebook-ի իր էջում` անվանի բանաստեղծին մաղթելով շուտափույթ ապաքինում եւ առողջություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը` շուրջ  300 հազար դրամ, փոխանցել է Հովհաննես Գրիգորյանի վիրահատության համար բացված հաշվեհամարին:

Նշենք, որ անվանի հայ գրող, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի  մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50 հազար դոլար: Facebook սոցիալական ցանցում «Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» նախաձեռնություն է ստեղծվել, որի կազմակերպիչները նշել են, թե «կարեւոր է եւ անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը»: