Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր` սեպտեմբերի 15-ին, հետաձգվել է «Ժամանակ» օրաթերթի բողոքի քննությունը: Թերթը բողոքարկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի որոշումը,, որով հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի 3 միլիոն դրամ:

Դատական նիստը, սակայն, այսօր հետաձգվել է: «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ իրենք ժամանակին վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը պատշաճ կարգով ուղարկել էին Սեդրակ եւ Բելլա Քոչարյաննների ներկայացուցիչներին եւ ունեն համապատասխան անդորրագիր: Սակայն Քոչարյանների ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ վերաքննիչ բողոքը չեն ստացել, այդ պատճառով էլ ուշ են ներկայացրել: «Այդ պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգվեց: Մենք պահանջել ենք նաեւ, որ մեզ ներկայացվեն գործում առկա որոշ փաստաթղթեր, որոնք մեր ծանոթանալու ժամանակ պարզվել են, որ գործում չկան, մինչդեռ դրանք ամենակարեւոր փաստաթղթերն են»,- նշեց փաստաբանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների եռյակը` Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, նիստը հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 29-ը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։

Դատավոր Արայիկ Մելքումյանը հունիսի 6-ին ամբողջությամբ մերժել էր փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարել էր 1 մլն. վիրավորանքի եւ 2 մլն. զրպարտության համար պահանջվող գումարի հայցը: «Ժամանակ» օրաթերթը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: