Հայաստանի եւ Արաբական միացյալ էմիրությունների միջեւ առեւտրային, ներդրումային եւ համատեղ տնտեսական ծրագրերի ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, ինչը հնարավոր է կյանքի կոչել համադրված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում։ Այս մասին նշվել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանի եւ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բին Սաիդ Ալ Մանսուրիի հանդիպման ժամանակ: ՀՀ դեսպանին Էկոնոմիկայի նախարարն ընդունել է սեպտեմբերի 14-ին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ վերջինիս հետ կապված ենթակառուցվածքների զարգացման բնագավառները։ Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն ստեղծված է գյուղմթերքի պահեստավորման եւ փոխադրման կենտրոն եւ համոզմունք հայտնել, որ այն լավագույնս կխթանի հայկական գյուղմթերքի արտահանումն ԱՄԷ:
Այնուհետեւ, դեսպան Մելիքյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները եւ մարտավարությունը, ինչպես նաեւ փոխանցել դրանց վերաբերյալ տպագիր նյութեր եւ տեսասկավառակներ։
Կողմերը կարեւորել են հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, ինչը լավագույն հարթակ կարող է հանդիսանալ մասնագիտական մակարդակով քննարկելու վերը նշված ոլորտներում համագործակցությունը։




























