Լաչինի միջանցքի խնդիրը քաղաքական է։ Ըստ այդմ՝ այն պետք է քաղաքական լուծում ստանա։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Օդային միջանցքի բացումը կամ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, նրա խոսքով, քաղաքական հարցի միայն տեխնիկական լուծումներ են։
«Այլընտրանքային ճանապարհը նույնպես կարող են փակել։ Էլ չեմ խոսում օդային միջանցքի մասին»,- ընդգծեց քաղաքագետը՝ նկատի ունենալով հայկական քաղաքացիական ինքնաթիռները խոցելու Բաքվի սպառնալիքները։
Խնդրի քաղաքական լուծման ապահովման համար Երեւանն, ըստ Մաթեւոսյանի, պետք է հիմք ընդունի հետեւյալ սկզբունքը. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։





























