Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը հերքում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած լուրը, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկի») հուշարձանն անմխիթար վիճակում է: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Նախ, համաձայն չեմ, որ հուշարձանն անմխիթար վիճակում է, երկրորդն էլ ամեն տարի համապատասխան գումարներ ենք հատկացնում հուշարձանի պահպանության, տարածքի բարեկարգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար»,- նկատեց նա։
Հարցին, թե որքա՞ն գումար է Ստեփանակերտի քաղաքապետարանը վերոնշյալ խնդիրների լուծման համար հատկացրել այս տարի, Ավագյանը նշեց, որ չի կարող ասել, քանի որ ժողովի է։
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից էլ հավաստիացրեցին, որ հուշարձանի մաքրման աշխատանքները մեկնարկելու են մոտ ժամանակներս։
Նշենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Ստեփանակերտի մատույցներում գտնվող եւ արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը խայտառակ վիճակում է: Նախաձեռնությունը խնդրի վրա է հրավիրում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը` հորդորելով շտապ ձեռնամուխ լինել «Մենք ենք մեր լեռները»-ի վերանորոգման աշխատանքներին:
Նշենք նաեւ, որ 1967 թվականին տեղադրված «Մենք ենք, մեր սարերը»` ազգային տարազով տարեց տղամարդու եւ կնոջ հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է:



























