Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Կարին Դոնֆրիդի միջեւ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։
Նա օրինական է անվանել Լաչինի ճանապարհն ու Լեռնային Ղարաբաղը փակած ադրբեջանցիների գործողությունները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական նկատառումներից ելնելով, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով քաղաքական պահանջներ եւ ավելի քան 50 օր շրջափակման մեջ են պահում 120 000 մարդու՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, այդ թվում՝ երեխաների եւ հիվանդների համար։ Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանի խնդրանքով 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Չնայած դրան, ինչպես նաեւ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է։





























