Ընթանում է հանգուցալուծման որոնում, որը կապահովի այն խնդրի լուծումը, որի մասին ի սկզբանե Ռուսաստանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել էր՝ ասելով, որ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի։

Նա վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանք է ընթանում եւ՛ երկրի ղեկավարության, եւ՛ զորախմբի հրամանատարության մակարդակով։

Նրա գնահատմամբ՝ աշխատանքը շատ բարդ է, այն ունի բազմաթիվ գործոններ։

«Աշխատանքներ են տարվում բոլոր կողմերի հետ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն իրավիճակի հետ։ Միաժամանակ զորակազմը շարունակում է իրականացնել այն գործառույթները, որոնք իրեն վերապահված են։ Խնդիրը կապված է մի շարք հարցերի հետ, ներառյալ կողմերի՝ եռակողմ հայտարարություններում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը»,-հավելել է դեսպանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ քաղաքական պահանջներ ներկայացնելով, եւ ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար մարդու՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, այդ թվում՝ երեխաների եւ հիվանդների համար։ Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է նաեւ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

2022 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կոչ է արվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Չնայած դրան, ինչպես նաեւ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է։