Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ համայնքում կա 13 զոհ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Նա նշեց, որ բոլոր զոհվածները հուղարկավորված են: Անդադառնալով անօթեւան մնացած հայերի խնդրին, Գոչունյանը  նշեց, որ այդ մասին դեռ տվյալներ չկան, քանի որ իրավիճակն այնքան լարված է, որ աղետի գոտում հիմնականում զբաղված են զոհվածների եւ փրկարարական աշխատանաքներ տանելու խնդիրներով:

«Պոլսի պատրիարքարանի Գրիգոր ավագ քահանա Տամադյանն է աղետի գոտի այցելում: Տեր հայրը երեկ Մալաթիայում թաղմանկարգ է իրականացրել, վաղը Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի կայցելի, որը օթեւան է դարձել աղետյալների համար»,- ասաց նա:

Անդրադառնալո Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությանը՝ Գոչունյանն ասաց, որ մարդասիրական օգնությունը միանշանակ ճիշտ էր, եւ դրա համար որեւէ ակնկալիք չի կարող լինել, կամ որեւէ քաղաքական հաշվարկ:

«Հայաստանի Հանրապետությունը, միանշանակ, ճիշտ քայլ է արել: Ճիշտ է նաեւ այն առումով, որ այս օրհասական պահին Թուրքիայի հետ տարակարծություն ունեցող բազմաթիվ երկրներ առանց վարանելու հասնում են: Նույն Ֆրանսիան, այսօր այստեղ է իր մարդասիրական օգնությունը հասցնելու համար: Ես հակված չեմ մարդասիրական քայլը դնել քաղաքական որոշումների կողքին եւ կարծում եմ, որ ճիշտ քայլ է, ինչպես որ 1999 թվականին նույնպես Հայաստանը օգնություն ուղարկեց»,- ասաց նա:

Գոչունյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն այնպիսի փակուղու մեջ են, որ այսպիսի բացառությունները պետք է արժեւորվեն եւայս հնարավորությունները չպետք է բաց թողնվեն:

«Եթե նման իրավիճակները բաց թողնվեն, ապա քաղաքական հարթության  մեջ որեւէ շանս չկա:  Կարող է գնահատվի այս մոտեցումը, կարող է եւ չգնահատվի, բայց հակված չեմ խառնել այս քայլը քաղաքականության հետ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Թուրքիայի 9 նահագներում տուժել է մոտ 13 մլն մարդ, այս պահին ամեն ինչի կարիք կա, որը փորձում են հասցնել, սակայն ինչպես Թուրքիայի նախագահն է խոստովանել աշխատանքներն իրենց ցանկացած արագությամբ չեն ընթանում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ նաեւ հայտարարեց, որ աղետի գոտում կարող է համաճարակ առաջանալ, քանի որ ջուր չկա, հնարավորություններ չկան: Աղետի գոտին նաեւ Թուրքիայի կարեւոր արդյունաբերական կենտրոններ էին, սակայն հիմա առաջնային խնդիրը փլատակներից մարդկանց դուրս բերելն է, հետո մարդկանց ժամանակավոր կացարաններում տեղավորելը, հետո նոր փլատակները մաքրելը: Այս պահի դրությամբ 1 մլն 50 հազարից ավելի մարդ ժամանակավոր կացարաններում է տեղակայված, նույնիսկ ՆԱՏՕ-ից են  ժամանակավոր բնակության համարա կացարաններ ուզել, որպեսզի մարդկանց տեղավորեն»,-ասաց նա:

Նշենք, որ Թուրքիայում փետրվարի6-ին տեղի ունեցած եկրաշարժի զոհերի թիվն անցել է 21 հազարը, իսկ վիրավորների թիվը 80 հազարից ավելի է: Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել: