Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին դիմել է Եվրոպային՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ։
«Այսօր երեկոյան ժամանեցինք Հայաստան՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ միայն այս ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ արդեն երկու ամիս շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար հայ խաղաղ բնակիչ ապրում է աշխարհից կտրված՝ ամեն ինչից զրկված։ Այս հսկայական հումանիտար ճգնաժամին բախվելով՝ Եվրոպան վերջապես պետք է գործի: Որովհետեւ մենք իրավունք չունենք մենակ թողնել հայ ժողովրդին էթնիկ զտումների նոր սպառնալիքի առաջ, եւ որովհետեւ վտանգված է նաեւ մեր երկրների անվտանգությունը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Facebook-ում։





























