ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարող ձեռքերը լվանալ ԼՂ խնդրից։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն գնով վերականգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարող ձեռքերը լվանալ այս հարցից։ Ի վերջո, վերջին 20 տարիների ընթացքում մենք առաջնորդվել ենք նրանց խորհուրդներով եւ ցուցումներով եւ հասել ենք նրան, ինչին հասել ենք: Ուստի նրանք չեն կարող ուղղակի մի կողմ քաշվել ու ասել, որ իրողությունները փոխվել են»,- ասաց Մինասյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ անհրաժեշտ է ուժեղացնել հետեւողական պայքարը։ Դա, նրա կարծիքով, թույլ կտա միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի իրական, հանցավոր ու ցեղասպան քաղաքականությունը։
Վերջին հաշվով, ըստ խորհրդարանական խմբակցության քարտուղարի, միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ իրավունք չունի հանդուրժել Ալիեւի ցեղասպանության քաղաքականությունը։




























