Ախալքալաքում գնալով ավելանում են վաղ հասակում ամուսնությունները, ինչը լուրջ խնդիրներ է հարուցում, գրում է վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը:
Ըստ պարբերականի, երբ աղջիկը դպրոցն ավարտելուց հետո չի պատրաստվում ուսումը շարունակել, ապա ծնողները նրան դպրոցն անմիջապես ավարտելուց հետո կամ նույնիսկ բարձր դասարաններում անպայման ամուսնացնում են: Առաջ նման միտում նկատվում էր միայն Ախալքալաքի գյուղերում, այսօր այն նկատվում է նաեւ Ախալքալաք քաղաքում:
Ինչպես պարբերականն է հայտնում, բժիշկների խոսքով, վաղ ամուսնությունները որոշակի ժամանակից հետո բավականին շատ խնդիրներ են առաջացնում: Ֆիզիոլոգիական տեսանկյունից վաղ ամուսնությունը կանանց օրգանիզմի վրա թողում է իր հետքը, որն առողջական խնդիրներ է ստեղծում 20 տարի հետո: Բժշկական տեսանկյունից, աղջիկը պատրաստ է ծննդաբերության 20-23 տարեկանում, այնինչ աղջիկներն Ախալքալաքի հիվանդանոց «կոնսուլտացիայի» գնում են արդեն 15-16 տարեկանից:
«Երիտասարդությունը ոչնչով չի զբաղվում, բարձրագույն կրթություն չի ստանում, եւ հետեւաբար ոչինչ չի տեսնում: Իսկ գյուղերի միջով անցնելիս բախվում ես քաոսային իրավիճակի հետ: Վաղ սեռական կյանքը եւ ծննդաբերությունն այնքան է հիասթափեցնում կանանց, որ նրանք անգամ չեն ուզում երկրորդ երեխան ունենալ: Երբ կինը ֆիզիոլոգիապես ամուսնության պատրաստ չէ, նրա համար այդ ընթացքը բարդ է եւ վտանգավոր»,-ընդգծում է Ախալքալաքի տարածաշրջանի հիվանդանոցի բժշկուհի Ասիա Գուլիեւան:
«Վաղ ամուսնությունները տեղի են ունենում նաեւ ինֆորմացիայի պակասից: Երիտասարդները հաճախ ամուսնանում են սեռական կյանքի եւ նրա հետեւանքների մասին առանց տարրական ինֆորմացիա ունենալու, ինչը հանգեցնում է առողջական բարդությունների եւ տարբեր սեռական վարակների», գրում է պարբերականը:
«Թեեւ այսօր տեղեկատվություն ստանալու միջոցները ավելի են զարգացել, միեւնույն է, ամենակարեւոր տեղեկությունը երեխաները պետք է ստանան ծնողներից, ինչը տեղի չի ունենում»,-նշում է բժշկուհին:
Վերջերս, Ազգային եւ միջազգային հետազոտությունների վրացական ֆոնդը Ախալքալաքի գրասենյակում 16-21 տարեկան աղջիկների համար անցկացրել է «Վաղ ամուսնության խնդիրների» վերաբերյալ հատուկ դասընթաց: «Ուսուցման ընթացքում ես բավականին շատ ինֆորմացիա ստացա, քանի որ մայրիկիս ամաչում եմ նման թեմաների վերաբերյալ հարցեր տալ»,-ասում է 17-ամյա Շուշանիկ Գոքորյանը:
Պարբերականը հայտնում է իր մտահոգությունը Ախալքալաքում նման խնդրի առկայության վերաբերյալ, քանի որ այն երիտասարդներին ճիշտ ուղիով չի տանում եւ որի հետեւանքները հետագայում առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում:




























