Այսուհետեւ Թուրքիան ադրբեջանական գազը գնելու է նոր գնով: Ընդ որում, թուրքական կողմը պետք է միանվագ Ադրբեջանին վճարի գազի արժեքի ողջ տարբերությունը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը գնում է 0,5-1,1 միլիարդ դոլարի մասին: Նախարարը խոսում է 0,5-0,6 միլիարդ դոլարի մասին:
Յըլդըզի խոսքով, հաջորդ շաբաթ Բաքվում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը: «Շահ դենիզ» հանքավայրից Թուրքիային մատակարարվող գազի գինը քննարկվում է նույն փաթեթի մեջ, որտեղ ներառված են նաեւ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հարցերը:
Ադրբեջանը հայտարարում է, որ գազի համար տարանցման սակագները բավականին բարձր են: Սակայն թուրք նախարարի ներկայացմամբ, եթե իրենք Ռուսաստանին առաջարկել են ամեն 1000 խմ գազի 100 կմ տարանցման համար վճարել 2,6 դոլար, ապա Ադրբեջանին առաջարկվել է 2,36 դոլար:
Նշենք, որ այսօր ադրբեջանական գազը Թուրքիային է մատակարարվում 1000 խմ-ի համար 120 դոլար գնով: Միաժամանակ Թուրքիայի ներսում սպառողները նույն գազի համար վճարում են 380 դոլար: Նոր գինը դեռեւս հստակեցված չէ:




























