Եվրամիությունը հետեւում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավարությանը: Այդ մասին ասված է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմին հղած նամակում:

Հիշեցնենք, որ Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

Ֆեռերո-Վալդներն իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացուցչության միջոցով հետեւում է Չախալյանի դատավարությանը:

«Պարոն Չախալյանի ընթացող դատավարության առնչությամբ ես ուրախ եմ հայտնել Ձեզ, որ Թբիլիսիում մեր ներկայացուցչության փութաջան աշխատանքի շնորհիվ մենք հետեւում ենք դրա շուրջ բոլոր զարգացումներին: Ներկայացուցչությունը օպերատիվ կերպով հետեւում է այդ դատավարությանը` նախագահող երկրի եւ Եվրամիության անդամ-երկրների դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ»,- նշել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, նրա հայրը՝ Ռուբեն Չախալյանը 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքի՝ իրենց քաղաքական հայացքների համար: Ազատազրկելուց հետո էլ վրացական իշխանությունները շարունակում են բանտում հալածել հայազգի քաղաքական գործչին: